Մենք Արցախն ենք։ Մենք գոյություն ունենք:
Դա անհերքելի է, ինչպես ձեր սեփական գոյության փաստը:
Չարը տեղ չունի Արցախի լեռներում: Մենք մեր փորձից գիտենք, որ, եթե նահանջենք, այն կտիրի ողջ թողնված տարածքին և ապա կերպարանա-փոխվելով կթակի յուրաքանչյուրիս դուռը: Մենք ընդունել ենք մարտը և չենք հանձնվի:
Այսօր չարը պատել է մեր երկիրը: Ավերելով տներն ու վանքերը՝ այն ոտնահարում ու մերժում է մեր իսկ գոյության փաստը: Չարն անհայրենիք է: Այն թափառում է անտարբերության դաշտերով և սպասում է հարվածելու հարմար պահի: Քանի դեռ մենք ճանաչված չենք, չարը վստահ է, որ մեզ կարելի է աննկատ ոչնչացնել։
Մենք ավանդույթ ունենք, համաձայն որի, մկրտության ժամանակ, անուն ընդունելիս, մարդուն շնորհվում է հյուսված թելի վրա խաչ։ Այն հոգևոր ծննդյան խորհրդանիշ է, չարին դիմակայելու պարտավորության մասին հիշեցում: Այսպիսով, անվանակոչելով մարդուն՝ մենք ճանաչում ենք նրան:
Արցախը մենք ենք: Մենք կանք: Կոչե՛ք մեզ մեր անունով: